16:45 ադրբեջանի նախագահի հրամանը | |
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 14-ին հրաման է ստորագրել «Զինվորական պարտականությունների եւ ծառայության կիրառման վերաբերյալ», ըստ որի` Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո գտնվող զինվորական կոմիսարիատները վերացվելու են: Փոխարենը ձեւավորվելու է Ադրբեջանի հանրապետության մոբիլիզացիայի եւ զորակոչի պետական ծառայություն, որի ղեկավար է նշանակվել Արզու Ռագիմովը: Նա ավելի վաղ ղեկավարում էր պետական միգրացիոն ծառայությունը: Այսպիսով, Ադրբեջանում պաշտպանական գերատեսչությունը զրկվելու է զինկոմիսարիատների վերահսկման իրավունքից, իսկ զորակոչով զբաղվելու են տեղական եւ կենտրոնական գործադիր մարմինները` Ներքին գործերի եւ Արդարադատության նախարարությունների վերադաս եւ ստորադաս ստորաբաժանումների մասնակցությամբ: Նման անսպասելի նորամուծությունը լուրջ մտորումների տեղիք է տալիս. միթե ռազմատենչ հայտարարություններով հանդես եկող Ալիեւը չի վստահում իր պաշտպանության նախարարին, իսկ գուցե նա կարծում է, որ եթե մի օր փորձի իրականություն դարձնել իր սպառնալիքները, ապա կարող է հայտնվել «կոտրած տաշտակի առջե՞ւ», քանի որ բանակ զորակոչված զինվորները պատրաստ չեն պատերազմին: Այդ առումով հատկանշական է մի ուշագրավ հանգամանք. ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, հունվարին ստուգումներ են անցկացվել Ադրբեջանի հանրապետության զինվորական կոմիսարիատներում, որը հետեւանքով լուրջ թերացումներ են ի հայտ եկել: Ընդ որում, ստուգումները անցկացվել են պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հատուկ կարգադրությամբ եւ գեներալ-մայոր Յաշար Այդեմիրովի ղեկավարությամբ: «Անցկացված ստուգումների ժամանակ պարզ է դարձել, որ զինկոմիսարիատներում զինվորներին բժշկական ստուգման չեն ենթարկում եւ զորակոչված զինվորների մի մասն իրականում պիտանի չէ զինվորական ծառայության համար»,-գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը: Հարկ է նշել, որ վերջին շրջանում ադրբեջանական բանակում գրանցված զինվորների մահվան դեպքերի թիվը կտրուկ աճել է, բացի այդ, գրեթե բոլոր դեպքերում պաշտոնական աղբյուրները նշում են, որ զինվորը չի պահպանել զենքից օգտվելու անվտանգության կանոնները, ինչն էլ հանգեցրել է մահվան: Դա իսկապես կարող էր անհանգստացնել պատերազմի նախապատրաստություններ տեսնող Ադրբեջանի նախագահին, քանի որ հնարավոր չէ ռազմական գործողություններ սկսել այն պարագայում, երբ բանակ զորակոչված զինվորները մեծամասամբ պիտանի չեն, ավելին նրանք չեն կարողանում օգտվել անգամ տաբելային զենքից: Փաստորեն, զինկոմիսարիատների վերացումը կարող է միտված լինել նաեւ ադրբեջանական բանակում կարգ ու կանոնի հաստատմանը, որոշ չափով նաեւ` դրա ուժեղացմանը: Մյուս կողմից, լուրջ լիազորություններից եւ ֆինանսական կարեւոր աղբյուրից է զրկվում Ադրբեջանի ՊՆ-ն, ավելի ստույգ նախարար Սաֆար Աբիեւը: Նշենք, որ հակաաբիեւական արշավը արդեն երկար ժամանակ է, ինչ շարունակվում է ադրբեջանական թե ընդդիմադիր եւ երբեմն նույնիսկ իշխանական մամուլում: Այսպիսով, թերեւս հնարավոր է, որ Ալիեւը նաեւ մտադիր է իրականացնել Աբիեւից ազատվելու իր մտադրությունը: | |
|
Всего комментариев: 0 | |